Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Առողջ սնունդ եւ երկարակեցություն

Առողջ սնունդ եւ երկարակեցություն

Մասնագետների մի որոշակի խումբ գտնում է, որ վաղ ծերության պատճառը մեր ընդունած այն սննդի տեսակներն են, որը ամբողջությամբ չի յուրացվում մեր օրգանիզմի կողմից: Այսինքն, վաղ ծերությունը ապրելակերպի կանոնների խախտումն է: Գիտական հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ նա, ով ճիշտ է սնվում, եւս 30 տարի է ավելացնում իր կյանքի տեւողությանը: Մեր նամակագիրների օգնությամբ փորձենք պարզել, թե որ մթերքներն են օգտակար, որոնք` վնասակար, եւ կոնկրետ ինչ մթերք պետք է օգտագործել երկար ապրելու համար:

 

Օրինակ` Գոհար Կիրակոսյանը գրում է, որ «ապրելով երկարակյացների ընտանիքում (հայրն ու մայրն ապրել են 90 տարի)` հույս ունեմ, որ ես էլ կարող եմ ապրել երկար, ինչի համար ինքս էլ հետեւում եմ նրանց օրինակին. նրանք սնվում էին շատ պարզ ու հասարակ: Հիմնականում ապրում էին ամառանոցում, իրենց կերակրացանկից գրեթե ամբողջությամբ հանել էին միսը, սկսեցին ավելի շատ օգտագործել ձուկ, ուտում էին շատ հատապտուղներ ու բանջարեղեն: Իսկ այգում ունեին խնձորենու ծառ, որի վաղահաս եւ ուշահաս պտուղներն ուտում էին համարյա կլոր տարին: Մածունը եւս անպակաս էր նրանց սեղանից: Իսկ մենք գիտենք, թե ինչպես է այն կարգավորում աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Այսինքն՝ պետք է եզրակացնել, որ նրանց երկարակեցության գաղտնիքը շատ պարզ էր ու հասարակ` բնության հետ կապը, բնական սնունդն ու մաքուր օդը:

 

Իսկ ես կառաջարկեմ աղցանի բաղադրատոմս, որը շատ օգտակար է առողջությանը: Վերջինիս համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ արեւածաղկի յուղ, 1 գլուխ սոխ, 2 հատ գազար, 1 կապ նեխուր, 2 պճեղ սխտոր եւ մոտավորապես 70 գրամ ծովակաղամբ: Շատ մանր կտրատել սոխը, նեխուրն ու սխտորը: Հետո ավելացնել արդեն խաշած ծովակաղամբն ու քերած գազարը։ Հետո այս ամենը խառնել ձեթով: Վերջում կարելի է ավելացնել կանաչի` ըստ ճաշակի` համեմ կամ մաղադանոս: Այս աղցանի հիմքը պետք է լինի ծովակաղամբը: Այն կարելի է օգտագործել ոչ միայն այս աղցանի մեջ, այլ նաեւ ճաշերի` աղի փոխարեն»:

 

Իհարկե, առողջ սննդամթերք է համարվում առաջին հերթին ձուկը: Այն շատ օգտակար է: Ձկան մեջ պարունակվող սպիտակուցները շատ հեշտ յուրացվում են օրգանիզմի կողմից: Դրանք պարունակում են անփոխարինելի ամինաթթուներ, A, D եւ E վիտամիններ, ինչպես նաեւ՝ անփոխարինելի ֆոսֆորը, որը հիմնականում ձկան ոսկորների մեջ է լինում: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ուտել լավ պահածոյացված ձուկ, որպեսզի ոսկորներն էլ օգտագործվեն: Այնպես որ, ձուկը շատ օգտակար է. այն կարելի է ուտել ցանկացած ձեւով պատրաստված:

 

Մասնագետները նաեւ մի հետաքրքիր դիտողություն են անում` եթե մենք խոսում ենք այն սննդի մասին, որը պետք է երկարացնի կյանքի տեւողությունը, ապա դա բոլորովին այլ սնունդի մասին է: Այն չպետք է չափից ավելի համեղ լինի: Եթե մենք խոսում ենք համերի մասին, ուրեմն սա արդեն այլ խոսակցություն է: Նման ճաշատեսակներն ու սննդամթերքը կյանքը չեն երկարացնում:

 

Առողջ սնունդի մեջ կարեւոր դեր ունեն առաջին ճաշատեսակները` ժողովրդի լեզվով ասած` ջրիկ ճաշը: Շատերը կարծում են, որ առաջին ճաշատեսակը պատրաստելու համար շատ ժամանակ է անհրաժեշտ, քանի որ անպայման արգանակ պետք է պատրաստել: Բայց ոչ, արգանակ նույնիսկ պետք էլ չէ: Կարելի է վերցնել սովորական ջուր, իսկ ջրի մեջ լցնել մանր կտրատած բանջարեղեն, մի քիչ էլ բուսական յուղ, եւ ահա պատրաստ է առաջին ճաշատեսակը: Կարելի է նույնը անել կարագով եւ ավելացնել մի քիչ կանաչի ու թթվասեր: Իսկ եթե այս ամենին էլ մի փոքր ցանկացած տեսակի ձավարեղեն ավելացնենք, կստացվի ոչ միայն օգտակար, այլ նաեւ համեղ ուտելիք: Իսկ ձավարեղենի մասին պետք է ասել, որ ամենաօգտակարն ու համեղը հնդկաձավարն է: Այն պարունակում է շատ օգտակար նյութեր եւ կարելի է ուտել ցանկացած տարիքում: Հնդկաձավարը կարող է փոխարինել մսին` երկաթի պարունակությամբ: Հենց այդ պատճառով էլ պետք չէ հնդկաձավարը եփել կաթով կամ համատեղել կաթնամթերքի հետ, քանի որ երկաթն ու կաթնամթերքի կալցիումը «անհաշտ ախոյաններ» են: Իհարկե, խոսքը երեկոյան կեֆիրի մեջ թրջած հնդկաձավարի մասին չէ, որը առավոտյան ուտում են, որպես թեթեւ ու օգտակար սննդամթերք: Սա արդեն այլ բան է: Այստեղ մենք հնդկաձավարի հետ ստանում ենք օգտակար բակտերիաներ, որը դրականորեն է ազդում մեր դիմադրողականության վրա:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ